Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Աշտարակաձև շինությունների ուսումնասիրման ոլորտում մեծ բաց կա»

«Աշտարակաձև շինությունների ուսումնասիրման ոլորտում մեծ բաց կա»
10.02.2017 | 12:09

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կրտսեր գիտաշխատող, հնագետ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ մեր զրույցը աշտարակաձև կառույցների մասին է: Երիտասարդ հնագետը շուրջ երկու տարի զբաղվում է Հայաստանի տարածքում գտնվող աշտարակաձև կառույցների ուսումնասիրությամբ: Հավաքել և ուսումնասիրել է արխիվային նյութեր: Ասաց, որ սակավ, բայց ուշագրավ է նաև գրական նյութը: Հավաքել է տվյալներ ավելի քան 100 աշտարակաձև կառույցի մասին: Անձնական շրջայցերից հետո լրացրել է դրանք նորերով, հայտնաբերել շուրջ հինգ տասնյակ կառույց, որոնք չեն եղել ո՛չ հուշարձանների ցանկում, ո՛չ արխիվային նյութերում, ո՛չ գրականության մեջ: Ստորև ներկայացնում ենք Լևոն Մկրտչյանի դիտարկումները:

ԱՇՏԱՐԱԿԱՁԵՎ ԿԱՌՈՒՅՑԸ ՄԵԳԱԼԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է


Հայ հնագիտության մեջ աշտարակաձև շինություններն ուսումնասիրվել են մասնակի, մեծ բաց կա ոլորտում, մինչդեռ Հայաստանի մեգալիթյան մշակույթը հասկանալու համար դա շատ կարևոր դերակատարում ունի. աշտարակաձև կառույցը այդ մշակույթի մի մասնիկն է: Ինչ վերաբերում է այդ շինությունների նշանակությանը, գերակշռում է տեսակետ, որ պաշտպանական նշանակություն ունեն, ու այդպես էլ դրանք արձանագրել են` դիտակետ աշտարակ: Այսինքն, պաշտպանական համակարգի մեջ կատարել են ազդանշանային դեր, թշնամու մոտեցումը տեսել են, զգուշացրել: Նկատելի է նաև ծիսական համատեքստը: Աշտարակները հանդիպում են դամբարանադաշտերում, ինչը խոսում է դրանց ծիսակրոնական բնույթի մասին:

ԲԱՐԴ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ Է ԹՎԱԳՐՈՒՄԸ


Հնագիտության մեջ հուշարձաններ ուսումնասիրելու բարդությունն այն է, որ կամ պետք է հնագիտական շերտ ունենա, որ թվագրես, հայտնաբերված նյութերով նշանակությունը հասկանաս, կամ պետք է գրավոր աղբյուրներ լինեն, որոնք այս դեպքում բացակայում են:
Հուսանք, որ առաջիկայում պեղումները թույլ կտան հասկանալ շերտագրությունը, թվագրությունը, նաև նշանակությունը, բայց մի քիչ բարդ կլինի, որովհետև աշտարակների մեծ մասը, որ պահպանվել և ինչ-ինչ վիճակով մեզ է հասել, կառուցված է ժայռոտ բլուրների վրա՝ զուրկ հողաշերտից: Հետևաբար, թվագրությունն ու նշանակությունը պետք է կապենք դրանց հարևանությամբ գտնվող համալիրների հետ: Իհարկե, դա համեմատական թվագրություն կլինի, ըստ որի կարող ենք ասել, որ այդ շինությունները վերաբերում են զարգացած բրոնզի և երկաթի դարաշրջաններին: Պետք է հաշվի առնել, թե որտեղ են դրանք հանդիպում և ինչի հետ: Հանդիպում են այնտեղ, որտեղ կա կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ ու բնակավայր՝ ստեղծելով հստակ պատմահնագիտական միջավայր: Նույնիսկ լինում են դեպքեր, որ դրանք իրար հետ կապված են երկար ձգվող մեկ շարք բարձրությամբ քարե պատերով: Դրանք կա՛մ ուղի են եղել, կա՛մ կապ են ցույց տվել: Հարկ է նշել նաև, որ ժամանակին պեղումներ են իրականացվել Մերձավան գյուղի աշտարակում։ Բանավոր տեղեկությամբ` պեղումներ են իրականացվել նաև մեկ այլ բնակավայրում, սակայն չեն հրապարակվել:

ՄԵԶ ՄՈՏ ՓՈՔՐ ՄԻ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՇՏԱՐԱԿԱՁԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Աշտարակատիպ կառույցները շատ են Արագածի հարավային և Կոտայքի լեռնային շրջաններում: Կա մի հետաքրքիր հանգամանք ևս: Այս ոլորտում առաջատար ուսումնասիրությունները կապված են Իտալիայի հետ: Սարդինիայում հանդիպում է աշտարակաձև շինությունների կոնաձև տիպը: Միջերկրածովյան երկրների արևմտյան հատվածում զգալի թվով նման շինություններ կան, ամեն կղզում` մի տեսակ: Մեզ մոտ փոքր մի տեղանքում կարող ենք տեսնել աշտարակաձև շինությունների բոլոր տեսակները` շրջանաձև-օվալաձև, ուղղանկյուն-քառակուսի, պայտաձև-կիսաշրջանաձև: Սա բացառիկ առանձնահատկություն է:

ԶԱՆԳՎԱԾԵՂ ՔԱՐԵՐԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅՍ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԵՆ ՀԱՍԵԼ ԳՐԵԹԵ ԱՆՎՆԱՍ


Աշտարակները գտնվում են հիմնականում բնակավայրերից հեռու` քարացրոններում և առապարներում: Մարդիկ այս վայրեր բարձրանում են հիմնականում անասուններին արածեցնելու համար: Տուժել են այն կառույցները, որոնց շրջակայքում հողամշակում են իրականացնում: Իսկ ահա բնությունը զանգվածեղ քարերից կառուցված այս շինությունները հիմնականում անվնաս է թողել:

ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆՔ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ


Սույն ուսումնասիրությունները օգտակար կլինեն նեղ մասնագիտական առումով: Կազմելու ենք աշտարակների ուսումնասիրության շտեմարան, որտեղ ընդգրկվելու են մեզ հասանելի բոլոր օրինակները: Ամբողջը տիպաբանելու ենք, ճարտարապետորեն դասակարգելու, քարտեզագրելու։ Փորձելու ենք համագործակցել արտասահմանի գործընկերների հետ, ցույց տալ, որ մեր երկիրը գրավիչ է նաև այս տեսակի հուշարձաններով: Աշտարակաձև շինությունը, ինչպես արդեն նշեցի, մեգալիթյան մշակույթի մի մասն է: Մեգալիթյան մշակույթը շատ է հանրայնացվում, որովհետև այն կապվում է առեղծվածային էակների, հնագույն քաղաքակրթություների հետ: Դա, այսպես կոչված, մեծ քարերի մշակույթն է: Այն տարածված է Իռլանդիայից մինչև Հնդկաստան: Հարց է առաջանում` ինչո՞ւ են նման մեծածավալ քարերով կառույցներ ստեղծվել: Այս հարցերի պատասխանները գտնելու համար պետք է համագործակցել այլ տարածաշրջանների հետ: Եթե փորձի փոխանակում, ընդհանուր ուսումնասիրություններ չլինեն, դժվար կլինի հասկանալ: Ըստ այդմ, մշակում ենք ծրագիր, փորձելու ենք գտնել միջազգային գործընկերներ, հրավիրել ու համատեղ աշխատել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ